Հենրիկ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից։
Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։
1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալանս» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալանսում։ Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։
Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ։ Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել։
- Հենրիխ Մխիթարյա
1995 թվականին Մխիթարյանները վերադարձել են Երևան, որտեղ էլ առաջին անգամ Հենրիխի տատիկը՝ Լիդիա Լավրետևան, նրան տարել է ֆուտբոլային դպրոց։
Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Ներկայումս սովորում է տնտեսագիտություն՝ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում։ Ավարտելուց հետո մտադիր է սովորել այնտեղ՝ որպես իրավաբան։ Մխիթարյանը Զինեդին Զիդանին համարում է իր ֆուտբոլային կուռքը։
Պրոֆեսիոնալ կարիերա
Փյունիկ
1995 թվականին Մխիթարյանը դարձել է Փյունիկի երիտասարդական հավաքականի անդամ և իր առաջին աշխատավարձը ստացել է տասնհինգ տարեկան հասակում[16]։ Ավելի ուշ տեղափոխվել է Փյունիկի մեծահասակների հավաքական՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես գալով 2006 թվականին, 17 տարեկան հասակում։ Վերջին անգամ թիմի կազմում խաղացել է 2009 թվականի խաղաշրջանում։ Այդ խաղաշրջանի 10 թիմային խաղերի ընթացքում նա դարպաս է ուղարկել 11 գնդակ։ Փյունիկի մեծահասակների թիմում 4 տարվա խաղաշրջանի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի պրեմիեր լիգան (200б, 2007, 2008 և 2009 թվականներին)։ 2007 և 2009 թվականներին նրանց թիմը երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, մեկ անգամ Հայաստանի գավաթը՝ 2009 թվականին։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը մասնակցել է թիմի 70 հանդիպումներին և դարպաս է ուղարկել 30 գնդակ, իսկ հավաքականի 89 հանդիպումներին դարձել է 35 գոլի հեղինակ[17]։ Փյունիկի,Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ նա իր լավագույն խաղացողին կցանկանար տեսնել ավելի ուժեղ թիմերում խաղալիս։ Մինասյանը հաստատեց, որ երիտասարդ Հենրիխը լեգենդ դառնալու համար լավ ուղի է անցել։ Մինասյանը Հենրիխի մասին ասել է․ «Նա միայնակ կարող է հաղթել խաղը։ Նա որսում է ճիշտ պահը և հաճույքով հարվածում»։
Մետակուրգ Դոնեցկ
Մխիթարյանը սկսեց խաղալ Դոնեցկի Մետալուրգ ակումբում։ Եվրոպայի լիգայում 2009 թվականի հուլիսի 16-ի իր առաջնախաղին նա խփեց մեկ գոլ, և թիմը 3-0 հաշվով հաղթեց Բելառուսի Պրեմիեր լիգայի Մինսկի Պարտիզանին[19]։ Հուլիսի 19-ին Ուկրաինայի լիգայի Դնիպրոպետրովսկի Դնիպրոյի հետ խաղում կատարեց իր առաջին դեբյուտը՝ ավարտելով այն ոչ-ոքի՝ 0-0[20]: Իր առաջին գոլը խփել է Ուկրաինայի լիգայում՝ հուլիսի 26-ին, Լվովի Կարպատի ակումբի հետ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2[21]: Օգոստոսի 6-ին Եվրոպայի լիգայում Մխիթարյանը իր առաջին գոլը խփեց Լյուբլյանայի Ինտերբլոկի հետ խաղում[22]։ Մխիթարյանը խաղաշրջանը ավարտեց 38 ելույթում 14 գոլով՝ ներառված 29 խաղ և 9 գոլ լիգայի կազմում։
Հաջորդ խաղաշրջանին՝ հուլիսի 14-ին, 21 տարեկան հասակում Մխիթարյանը դարձավ ակումբի ավագ՝ դառնալով Դոնեցկի Մետալուրգի պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը[23]։ Այս խաղաշրջանում Հենրիխը 89-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց իր առաջին գոլը՝ 3-0 հաշվով հաղթելով Կիևի Օբոլոնին[24]։ Մխիթարյանն ակումբում իր վերջին խաղը անցկացրեց Դնիպրոյի հետ՝ օգոստոսի 30-ին՝ հաղթելով նրան 2-1 հաշվով[25]։ Իր երկրորդ խաղաշրջանին նա խաղաց 9 խաղ և խփեց 3 գոլ այդ բոլորը լիգայում։ Մետալուրգում լինելու ընթացքում նա ունեցավ 37 լիգայի ելույթ՝ խփելով 12 գոլ[26]։ Ընդհանուր առմամբ նա խաղաց ակումբում 46 հանդիպում՝ խփելով 17 գոլ։ Մյուս մրցաշրջանում Մխիթարյանին Մետալուրգում սպասվում էր թիմի ավագի թևկապը, սակայն օգոստոսի 30-ին Մխիթարյանը կնքեց 7,5 մլն դոլար արժողությամբ գործարքը՝ անցնելով Պրեմիեր լիգայում իշխող չեմպիոն Դոնեցկի Շախտյորին
Շախտյոր Դոնեցկ
Դոնեցկի Շախտյորը 2010-11 մրցաշրջանին 7․5 մլն ԱՄՆ դոլարով գնում է Մխիթարյանին[28]։ Նրա նորամուտը կայացավ սեպտեմբերի 10-ին Օբոլոն Կիևի հետ արտագնա խաղում, 62֊րդ րոպեին նրան փոխարինեց Էդուարդոն[29], և խաղն ավարտվեց 1։0 հօգուտ Շախտյորի։ Մխիթարյանի տնային նորամուտը շատ ավելի հաջող ստացվեց։ Սեպտեմբերի 19֊ին, խաղի սկզբում նվազագույն հաշվով պարտվելով՝ Շախտյորին հաջողվեց 4։1 հաշվով հաղթել Տավրիա Սիմֆերոպոլին[30]։ Մխիթարյանն իր առաջին գոլը Շախտյորի կազմում հենց այս խաղում տոնեց։ Երեք օր անց նա իր առաջին խաղն անցկացրեց Ուկրաինայի գավաթում՝ խաղալով Կրիբվասի դեմ, որն էլ ավարտվեց 6։0 հաշվով հօգուտ «Շախտյորի»[31]։ Այս խաղում Մխիթարյանը հեղինակեց իր երկրորդ գոլը։ Սեպտեմբերի 25-ին նա խաղի վերջին րոպեներին կարողացավ Մետալիստ Խարկովի դեմ արտագնա խաղում գոլ խփել՝ օգնելով թիմին հաղթել 2:1 հաշվով[32]։ Եվրոպայում նա իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների լիգայում խաղալով Սպորտինգ Բրագայի դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով[33]։ Նա հանդես է եկել նաև Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղում։ 81-րդ րոպեին փոխարինելով Ժադսոնին՝ օգնեց Շախտյորին 2։0 հաշվով հաղթել Կիևի Դինամոյին[34]։ Նրա առաջին մրցաշրջանը չափազանց հաջող ընթացավ Շախտյորի կազմում, քանզի նրանք թրեբլ գրանցեցին (Պրեմիեր լիգա, Ուկրաինայի գավաթ, Ուկրաինայի Սուպեր գավաթ։
Բորուսիա Դորտմունդ
2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Այժմ հայ կիսապաշտպանը համարվում է «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ[36]։
Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էր դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։
Մխիթարյանը տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյոր»-ին, «Փյունիկ»-ին և Դոնեցկի «Մետալուրգ»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Հենրիխը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողել։ Այնուամենայնիվ երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիա»-ն կարողացավ «Շախտյոր»-ի հետ ֆուտբոլիստի տրասնֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։
Այստեղ կային նաև մի շարք գործոններ, որոնք ստիպեցին Հենրիխին ընտրել հենց «Բորուսիան»։ Առաջինն իհարկե Եվրոպական թոփ-ակումբ տեղափոխվելն էր, որը նոր հեռանկարներ էր բացում Մխիթարյանի համար։ «Բորուսիա»-ն համարվում է Բունդեսլիգայի առաջատար ակումբներից մեկը, բացի դա Բունդեսլիգայում Մխիթարյանը կարող էր իր ամենալավ որակները ցուցադրել, քանի որ վերջին շրջանում Բունդեսլիգան մեծ քայլերով շարունակում է աճել ու տարեցտարի բարելավում է իր ցուցանիշները այլ լիգաների նկատմամբ։
Այստեղ կային նաև այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և Մարիո Գյոթցեի գործոնները։ 2013 թվականին թիմը հրաժեշտ տվեց Մարիո Գյոտցեին և անհրաժեշտ էր նրան փոխարինող գտնել։ Գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս կիսապաշտպանության առջևի գծում և շատ հաճախակի միանում էր թիմի գրոհներին։ Կլոպը նրան խաղադաշտում ազատ գործելու հնարավորություն էր ընձեռում։ Գյոթցեն «Բորուսիա»-ի կազմում ստեղծագործ ֆուտբոլիստներից մեկն էր, որն իր ոչ ստանդարտ գործողությունների շնորհիվ միշտ անակնկալի էր բերում մրցակիցներին և ավելի գունեղ էր դարձնում «Բորուսիա»-ի խաղը։ Հենց այդպիսի փոխարինող էլ փնտրում էր Կլոպը, և իհարկե գտավ նրան։ Հենրիխը կարողացավ ապացուցել, որ իզուր չի գերմանական ակումբը ձեռք բերել իր ամենաթանկարժեք տրանսֆերը։ Բացի դա, Յուրգեն Կլոպը կարողացավ «Բորուսիային» հասցել իր լավագույն մակարդակին։ Կլոպը վերակենդանացրեց երբեմնի հզոր գերմանական ակումբներից մեկին՝ հաղորդելով նոր շունչ և խաղային նոր փիլիսոփայություն։
Կա ևս մեկ հետաքրքիր ցուցանիշ, որը նպաստել է Հենրիխի տեղափոխվելուն. 580 հազար բնակչություն ունեցող Դորտմունդ քաղաքն ամբողջովին ապրում է «Բորուսիա» ֆուտբոլային ակումբով և իրենց սիրելի թիմի խաղերի ժամանակ 80.700 հանդիսատես տեղավորող մարզադաշտում ասեղ գցելու տեղ չի լինում։ Ակումբի տնային խաղերին միջինը ներկա են լինում 80.520 երկրպագու և այդ ցուցանիշով «Բորուսիա»-ն գլխավորում է Եվրոպայի ամենահաճախելի ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը։ Դորտմունդյան ակումբը տարեկան վաճառում է 50 հազարից ավելի տոմս։
«Բորուսիայում» Մխիթարյանի առաջին մրցաշրջանն այդքան էլ հարթ չընթացավ։ Նա հեղինակեց ընդամենը 9 գնդակ, և whoscored կայքի արդյունքներով Եվրոպայի հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը՝ 7.58 միջին գնահատականով[37]։ Բացի դա նա իր վրա մեծ ճնշում էր զգում, ինչպես նաև պատասխանատվության մեծ զգացում։
2014 թվականին Հենրիխ Մխիթարյանը ներառվել է FourFourTwo ամսագրի լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը[38]։
Հետագայում բազմաթիվ վնասվածքների և այլ պատճառներով տուժեց ինչպես Մխիթարյանի, այնպես էլ ողջ թիմի խաղը։ Այդ ժամանակաշրջանում «Բորուսիան» ցուցադրում էր իր ամենավատ խաղը։ Ակումբն անընդհատ վարկանիշային աղյուսակում հետընթաց էր ապրում, ինչի պատճառով էլ տուժում էր թիմի բոլոր ֆուտբոլիստների խաղը։ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք ստացավ և հետ մնաց 6 շաբաթով։
Այդ ամենից հետո Յուրգեն Կլոպը լքեց «Բորուսիան» և տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Հենրիխը Մխիթարյանը Կլոպի և իր ակումբի հետ միասին կարողացավ նվաճել Բունդեսլիգայի փոխչեմպիոնի տիտղոսը, դարձավ Գերմանիայի գավաթի ֆինալիստը, իսկ 2014 թվականին հռչակվեց Գերմանիայի սուպերգավաթակիր։ Այդ խաղում «Բորուսիան» հաղթեց Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ։
2015 թվականի հուլիսի 1-ին Թոմաս Տուխելը 3 տարվա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նա սկսեց թիմին մարզել և հենց այդ ժամանակ թիմը ծաղկում ապրեց։ Կարճ ժամանակում «Բորուսիան» ցույց տվեց իր իրական դեմքը։ Ակումբը վարկանիշային աղյուսակում բարձրացավ և ամրապնդվեց առաջին հորիզոնականներում՝ ցույց տալով իր լավագույն խաղը։
Առաջին անգամ ես Տուխելի հետ հանդիպեցի անցած տարվա մարտին (2014 թվականին), և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»։ Ես մնացի, որովհետև մարդկանց պետք է ինչ-որ բան ապացուցեի։ Անհրաժեշտ էր ցուցադրել, որ իզուր չեմ հայտնվել այստեղ։ Նույն պատճառով ես ուզում եմ շարունակել ելույթներս դորտմունդյան թիմում։ Արդյոք Տուխելը կարո՞ղ է համոզել ինձ՝ նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալու «Բորուսիայի» կազմում։ Հույս ունեմ։ Առաջին քայլը նա կատարել է։ Իսկ ինչո՞ւ չի կարող անել երկրորդը»[39]։
- Հենրիխ Մխիթարյան
Առաջին անգամ ես Տուխելի հետ հանդիպեցի անցած տարվա մարտին (2014 թվականին), և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»։ Ես մնացի, որովհետև մարդկանց պետք է ինչ-որ բան ապացուցեի։ Անհրաժեշտ էր ցուցադրել, որ իզուր չեմ հայտնվել այստեղ։ Նույն պատճառով ես ուզում եմ շարունակել ելույթներս դորտմունդյան թիմում։ Արդյոք Տուխելը կարո՞ղ է համոզել ինձ՝ նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալու «Բորուսիայի» կազմում։ Հույս ունեմ։ Առաջին քայլը նա կատարել է։ Իսկ ինչո՞ւ չի կարող անել երկրորդը»[39]։
- Հենրիխ Մխիթարյան
Բորուսիայի 2015-2016 մրցաշրջանում 27–ամյա Մխիթարյանը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է թիմի 31 խաղին` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 140 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ։
Մանչեսթեր Յունայթեդ
2016 թվականի հունիսի 15-ին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, որ իր ներկայացուցիչը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում, և Միկին ուզում է օգտվել այդ հնարավորությունից։ Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարության ներկայացուցիչները նրան ասացին, որ կարող է հեռանալ այս ամառ, սակայն հիմա սկսեցին վախենալ սեփական երկրպագուներից և հանկարծ սկսեցին խոսել այն մասին, որ Մխիթարյանը պետք է մնա ևս մեկ սեզոն` մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։ Սա վատ բիզնես է, նրանք Հումելսին տալիս են իրենց երդվյալ թշնամուն, սակայն միաժամանակ թույլ չեն տալիս Միկիին հեռանալ։ Այսպես չի լինի
- Մինո Ռայոլա
Հունիսի 23-ին մի շարք հայկական լրատվամիջոցներ սկսեցին հաղորդել Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին` նշելով, որ անգլիական ակումբը համաձայնել է վճարել պահանջվող 40 մլն եվրոն, մինչդեռ «Բորուսիայի» համաձայնության մասին ոչ մի հստակ տեղեկատվություն չկար։ Միակ լուրը եղել է այն, որ դորտմունդցիներն այժմ ավելի մեղմ են տրամադրված, ու բաց կթողնեն ֆուտբոլիստին, եթե նրանց վճարվի պահանջվող գումարը։ Հունիսի 28-ին The Guardian-ը, SkySports-ը հայտնեցին, որ ակումբների միջև համաձայնությունն արդեն կա, իսկ ավելի ուշ դա հաստատեց նաև գերմանական աղբյուր Ruhr Nachrichten-ը։ Հաղորդվում էր 26,3 մլն ֆունտի շուրջ պայմանավորվածության մասին։ Ավելի ուշ ասվեց, որ Մխիթարյանը ինքն է վճարելու իր տրանսֆերի մի մասը։ Ոչ ամենաարժանահավատ աղբյուրներից հաղորդվում էր նաև, որ Մխիթարյանը կնքելու է 4 տարվա պայմանագիր ու ստանալու տարեկան 12 մլն ֆունտ։ Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նշել էր, որ դժվար է որոշում կայացնել Մխիթարյանի տեղափոխության շուրջ, նրա տրանսֆերի հարցը պետք է լուծվի մինչև հուլիսի 4-ը, երբ թիմը սկսելու է նախամրցաշրջանային հավաքը։
Ի վերջո հուլիսի 6-ին Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին[41]։ Նրա տրանսֆերն անգլիական ակումբի վրա արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ով 2006 թվականին իտալական «Միլանից» անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց[42]։ Մխիթարյանը համարվում է նաև մանչեսթերցիների կազմում հանդես եկած 40-րդ ազգության, ինչպես նաև առաջին հայ ֆուտբոլիստը[43]։ Նրա աշխատավարձը Մանչեսթերում կազմելու է տարեկան 12.5 մլն եվրո։ Բացի այդ, Հենրիխը 8 մլն եվրո բոնուս կստանա «կարմիր սատանաներին» միանալու համար։ MUTV-ին տված հարցրազրույցում Հենրիխը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը, այդ իսկ պատճառով նա չէր կարող մերժել այդ առաջարկը[44]։ Նա իր նոր ակումբում հանդես է գալու 22 համարի մարզաշապիկով։
Տեղափոխությունից անմիջապես հետո Հենրիխն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ ուղղված «Բորուսիայի» երկրպագուներին։
Հարգելի ընկերներ։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից ու շնորհակալություն հայտնել «Բորուսիայում» բոլորին՝ ղեկավարությունից մինչև մարզչական շտաբ, թիմակիցներիս ու երկրպագուներին՝ ցուցադրած սիրո ու աջակցության համար։ Երբեք չեմ մոռանա այն պահերը, որոնք միասին կիսել ենք վերջին երեք տարիներին։ Երբ վերադառնում եմ արմատներիս ու հորս ֆուտբոլային կարիերային, ապա ինձ սովորեցրել են ընդունել նոր մարտահրավերները։ Պետք է կատարեմ այս քայլը և միանամ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Շնորհակալություն լավ հուշերի համար։ Դուք միշտ յուրահատուկ տեղ կունենաք իմ սրտում
- Հենրիխ Մխիթարյան
Իր նորամուտը անգլիացիների կազմում Հենրիխը նշեց հուլիսի 16-ին՝ «Ուիգանի» հետ ընկերական խաղում՝ դաշտում անցկացնելով 45 րոպե։ Առհասարակ Մխիթարյանն իր բոլոր նորամուտի խաղերում աչքի է ընկել արագությամբ, գոլերով, ինչպես նաև գոլային փոխանցումներով[45]։ «Ուիգանի» հետ խաղից հետո, հուլիսի 20-ին Մխիթարյանն իր ակումբի հետ մեկնեց Չինաստան, որտեղ «Յունյթեդն» անցկացնելու էր ուսումնամարզական հավաք։ Հուլիսի 22-ին Շանհայում կայացավ International Champions Cup-ի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճը, որտեղ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը մանչեսթերցիների կազմում։ Խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ «Բորուսիայի» հաղթանակով[46]։ Հենրիխ Մխիթարյանը առաջին մրցաշրջանում՝ Պրեմիեր Լիգայում խբեց 4 գոլ, իսկ մանկունյանցիներին օգնեց հաղթել Եվրոպա Լիգան։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում կիսաշրջադարձ հարվածով գրավեց Ամստերդամի Այաքսի դարպասը, և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանը՝ այդ տարի դարձավ ԵԼ-ում Մանչեսթեր Յունայթեդի կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։ Հիշվող է այդ մրցաշրջանում՝ Հենրիխ Մխիթարյանի կարիճ գոլը, որը եղավ «Սանդերլենդ»-ի հետ խաղում։
2017-2018 մրցաշրջանը լավ սկսեց Մխիթարյանի համար, նա Պրիմեր Լիգայի սկզբի խաղերում դարձավ 1 գոլի, և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը նաև ՉԼ-ում գրավեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը։ Սակայն Հայաստանի ազգային հավաքականի խաղերից հետո՝ Մխիթարյանը խաղային հետընթաց գրանցեց։ Միարժամանակ լարվեց Մխիթարյանի և Ժոզե Մոուրինյոի հետ հարաբերությունները, որոնք լարված էին նաև Մխիթարյանի Մանչեսթեր տեղափոխության սկզբի ամիսների ընթացքում։ Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կարիք ունեցավ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից։ Նրա ծառայություններով հետաքրքրվում էին Միլանի Ինտերը և Արսենալը։ Ինտերը չկարողացավ գնել Մխիթարյանին, որովհետև վտանգ կար խաղտելու ֆեյր-փլեյի կանոնները, իսկ Արսենալը եղավ միակ տարբերակը։
Լոնդոնի Արսենալ
2018 թվականի հունվարի 22-ին՝ իր ծննդյան հաջորդ օրը Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց «զինագործների» հետ։ Նրա աշխատավարձը կազմում է շաբաթական մոտ 142 հազար եվրո։ Մխիթարյանի փոխարեն Մանչեսթեր Յունայթեդը գնեց Արսենալի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը։
Մխիթարյանը իր նորամուտը «Արսենալում» նշեց հունվարի 20-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[47]։ Իսկ «Էմիրեյթս» ստադիոնում իր առաջին խաղը եղավ փետրվարի 3-ին՝ Լոնդոնի Էվերտոնի դեմ։ Այդ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։
Արսենիալի կազմում առաջին գոլը խփել է մարտի 8-ին՝ Սան Սիրո մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8-րդ եզրափակչում կայանալիք Միլանի հետ խաղում։ Հանդիպման 15-րդ րոպեին Մեզութ Օզիլի կատարած փոխանցումից հետո Մխիթարյանը հարված կատարեց դարպասին, և Լեոնարդո Բոնուչիից անդրադարձով գնդակը հայտնվեց Ջանլուիջի Դոննարումմայի պաշտպանած դարպասը։ Արսենալը այդ խաղում հաղթեց 2։0 հաշվով։
Ռոմա
2019 թվականի Սեպտեմբերի 2-ին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց իտալական Ռոմա մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը։ Վճարման արժեքը 3մլն Եվրո էր։ Հենրիխը իր առաջին խաղը` նոր թիմի կազմում անցկացրեց սեպտեմբերի 15-ին "Սասուոլո" ի դեմ մրցավեճում, որտեղ դարձավ գոլի հեղինակ։ Չնայած, որ Մխիթարյանը վնասվածքների պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը` նա հարմարվեց "Ռոմա"-ին ու դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։
2020թ. օգոստոսի 30-ին "Ռոման" գնեց Մխիթարյանի տրանսֆերը։ Նոյեմբերի 5-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի ռումինական "Կլուժի" դեմ մրցավեճում Մխիթարյանը 57-րդ վայրկյանին գրավեց հակառակորդի դարպասը ու այդպիսով դարձավ տվյալ մրցաշարում իր ակումբի ամենաարագ գոլ խփած ֆուտբոլիստը։ Նոյեմբերի 8-ին Հենրիխը Ջենոայի հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց (3:1), իսկ նոյեմբերի 22-ին արդեն Պարմայի դեմ հանդիպմանը նա դուբլ արեց։ Հենրիխ Մխիթարյանը նաև ճանաչվեց "Ռոմայի" նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը։
Ինտեր Միլան
Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[8]։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ[9]) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 88 խաղում խփած 30 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում, և առաջին Հայ ֆուտբոլիստը,ով հասել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
Հետաքրքիր փաստեր
Պոլիգլոտ է, տիրապետում է 7 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և գերմաներեն:
Սիրած ֆիլմն է «300 սպարտացիները»։
Բորուսիայի պատմության մեջ Մխիթարյանի ձեռքբերումը Շախտյորից հանդիսանում է ամենաթանկ տրանսֆերը։
Նրա սիրած զբաղմունքներից մեկն ընթերցանությունն է, բացի այդ սիրում է շախմատ, սեղանի թենիս, ծովային ֆուտբոլ։
Մանկության ամենասիրելի թիմը «Արսենալն» է։
Հայաստանի հավաքականում առաջին անգամ գոլի հեղինակ է դարձել 2009 թվականի մարտի 28-ին՝ Էստոնիայի դեմ խաղում
Առաջին խաղը, որ դիտել է ստադիոնում 1996 թվականին կայացած Հայաստան-Գերմանիա խաղն է։
Սիրած վայրը Երևանում Թումանյան փողոցն է։
Հենրիխն իրեն համարում է ֆատալիստ։
Մայրական տատիկը ռուս է։
Մանուկ ժամանակ վախեցել է մթությունից։
Քաղցրակեր է, շատ է սիրում շոկոլադ և պաղպաղակ։
Լսում է Ար ընդ Բի, փոփ, իսկ երբեմն էլ ռեփ երաժշտություն։
Սիրելի գույներն են սպիտակը և կապույտը։
Մխիթարյանն ամենաշատ լեզուներն իմացող ֆուտբոլիստն է աշխարհում (7 լեզու՝ հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն:)[53]
Ըստ Transfermarkt.com-ի Հենրիխի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո, բայց Բորուսիան նրա համար վճարել է 27.5 մլն եվրո։
Հաճախ է զբաղվում բարեգործությամբ, սակայն չի սիրում բարձրաձայնել դրանց մասին, քանի որ բարեգործությունը համարում է յուրաքանչյուր մարդու պարտքը[54]։
2012/2013 մրցաշրջանում Մխիթարյանը «Շախտյորում» ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է՝ 2507 րոպե, մասնակցել է 29 խաղի։ Խփել է ռեկորդային 25 գոլ, ընդ որում ձևակերպելով 1 հեթ-տրիկ, 6 դուբլ, և ընդամենը մեկ 11 մետրանոց հարվածի իրացում։
Երկրպագուները և խաղընկերները Հենրիխին հաճախ անվանում են Միկի կամ MagicTaryan, իսկ ռուսները՝ Самый лучший из армян – это Генрих Мхитарян (լավագույնը հայերից Հենրիխն է Մխիթարյան)։
Պաշտոնական խաղերում խփել է ավելի քան 150 գնդակ[55]։
Առաջին հայն է, ով խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» և Պրեմիեր լիգայում։
Առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակչին։ Առաջին հայ ֆուտբոլիստն է, որ կարողացել է Եվրոպայի լիգայի գավաթին արժանանալ, և վերջինիս եզրափակչում գոլի հեղինակ դառնալ։
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների կազմում միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է դառնալ հետ-տրիկի հեղինակ։ 2009 թվականին՝ երիտասարդական հավաքականի կազմում հետ-տրիկի հեղինակ է դարձել Իռլանդիայի հետ խաղում, իսկ 2016թ․ ազգային հավաքականի կազմում Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում Մխիթարյանը դարձավ հետ-տրիկի հեղինակ։
Comments
Post a Comment